Ոսկան - հայ. ոսկի բառից. այժմ էլ գործածական անուն է: Անցյալում շատ տարածված անուն էր Թիֆլիսում՝ Օսկան ձևով: ՈՒնենք Ոսկանյան ազգանունը:
Ոստանիկ - հայ. ոստան բառից, որ նշանակում է "մայրաքաղաք", "ազատ քաղաք", "արքունիք": Նորաստեղծ անձնանուն է և գործածական:
Պանդուխտ - հայ. պանդուխտ բառից, որ նշանակում է "վտարանդի", "օտարական": Այս անունը կրում են նաև հայուհիները:
Պատվական - հայ. պատվական բառից ("ընտիր", "ազնիվ", "փառավոր" նշանակությամբ): Հիշվում է XIII դարից: Այժմ էլ գործածական անուն է: Այստեղից՝ Պատվականյան ազգանունը:
Պարգև - հայ. պարգև բառից, որ նշանակում է "նվեր", "ընծա", վերջիններս նույնպես գործածական են իբրև անձնանուններ: Գալիս է IV դարից: Մինչև այսօր կենդանի անուն է: Կա նաև Պարգևյան ազգանունը:
Պարույր - հայկական հնագույն անուններից է, գործածական է մինչև օրս: Նշանակում է "շրջան", "պտույտ" (ունենք պարուրել բայը): Կա Պարույրյան ազգանունը:
Պարունակ - հայ. պարունակ, պարունակություն բառից, որ նշանակում է "բովանդակություն", "բովանդակող": Բավական տարածված անուն է: Սրանից ունենք Պարունակյան ազգանունը:
Պերճ - հայ. պերճ բառից, որ նշանակում է "փառավոր", "վայելչագեղ": Հիշատակված է շատ հին ժամանակներից: Այժմ էլ տարածված անուն է հայերի մեջ: Կրճատ ձևն է Պերճիկ:
Ռազմիկ - հայ. ռազմիկ բառից, որ նշանակում է "կռվող", "մարտիկ": Իբրև անձնանուն հանդես է եկել դարասկզբին և այժմ բավական տարածված է:
Ռշտունի - հայ. նախարարական տոհմանուն, որ գործածվում է նաև որպես անձնանուն: Բայց ավելի շատ տարածված է իբրև ազգանուն:
Սասուն - հայոց Սասուն գավառի անունից է. իբրև անձնանուն վերջերս գործածական է Սասունիկ, Սասնիկ, Սասունի, Սասնո ձևերով: Այժմ ավելի գործածական է Սասունիկ ձևը: ՈՒնենք նաև Սասունյան ազգանունը:
Սարիկ - հայ. սար գոյականից՝ իկ փաղաքշական ածանցով (ինչպես՝ Լեռնիկ, Ծովիկ): Նորահայտ անուն է, բայց սակավ է հանդիպում:
Սեպուհ - հայ. սեպուհ բառից, որ նշանակում է "իշխանազն", "իշխանավոր", "ազնվական հեծվոր": Իբրև անձնանուն հնում չի եղել: Հանդիպում ենք XX դարում միայն:
Սևակ - նորակերտ հայերեն անուն է, կազմված է սև և ակ (ն) բառերից (ինչպես Ցոլակ, Խաժակ, Փայլակ անունները), նշանակում է "սև աչքեր ունեցող", "սևակն": Չի կարելի շփոթել ակ փաղաքշական ածանցի հետ, այստեղ "ակ" ձևով հանդես է եկել "աչք" բառը: Այժմ բավական տարածված երկսեռ անուն է: Օգտագործված է նաև որպես ազգանուն (Ռուբեն Սևակ, Գուրգեն Սևակ, Պարույր Սևակ):
Սևան - նորամուտ անուն է, որ վերցրել են Սևանա լճի անունից: Սակավ գործածական անուն է, սակայն հետզհետե տարածվում է:
Սոս - հայ. սոսի ծառի անունից: Այս անվան տարածմանը նպաստեց Պերճ Պռոշյանի "Սոս և Վարթիթեր" վեպը: Կա Սոսյան ազգանունը: